Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Առանց էական անակնկալների

Առանց էական անակնկալների
05.11.2013 | 11:49

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում երեքշաբթին և չորեքշաբթին կրկին եվրոպական ակումբայինների հանդիպումների օրեր են, սակայն ասել, թե սա էականորեն ազդում է ներքին առաջնություններում առաջատար ակումբների մրցելույթների վրա, այնքան էլ ճիշտ չի լինի: Նախ` դրանք վաղուց վարժվել են միանգամից մի քանի ուղղություններով ճակատելուն և, երկրորդ, համաձայն ժողովրդական հայտնի բանաձևման, պար մտնողը պիտի անխախտ մի սկզբունք ունենա` շորորալ:

Չեմպիոնների լիգայի խմբայինում նոյեմբերի 6-ին «Բարսելոնի» մրցակիցն է լինելու «Միլանը»: Այդ հանդիպումը փաստացի արձանագրելու է, թե իտալացիները որքան են ի զորու ստանձնելու H խմբի առաջատարի պարտականություններն ու թուլացնելու ներքին առաջնությունում անհաջող մրցելույթների բերած լարվածությունը: Սակայն վերացարկվենք «Միլանից» ու դառնանք «Բարսելոնին», որը կատալոնյան դերբիում նվազագույն հաշվով առավելության հասավ «Էսպանյոլի» նկատմամբ ու տասներկու խաղից երեսունչորս միավորով միանձնյա շարունակում է գլխավորել երկրի առաջնության մրցաշարային աղյուսակը:
«Աշխատանքային» ռեժիմից չընկավ նաև Մադրիդի «Աթլետիկոն»` 2:0 հաշվով (Դավիդ Վիլյա, Դիեգո Կոստա) հաղթելով բասկյան «Աթլետիկին»: Առաջատար երկյակին շարունակում է հետապնդել Մադրիդի «Ռեալը», որն աղյուսակի հետնապահ «Ռայո Վալեկանոյին» նրա իսկ դաշտում հաղթեց 3:2 հաշվով: Այստեղ դուբլով առանձնացավ Ռոնալդուն` առաջնությունում խփած գոլերի թիվը հասցնելով տասներեքի (վերջին երկու խաղում դարձել է հինգ գոլի հեղինակ)` ճիշտ այնքան, որքան անցած շաբաթվանից «բրազիլացուց» «իսպանացու» վերածված Կոստայի ակտիվում է: Հընթացս նշենք, որ արդեն չորրորդ խաղն է, ինչ շարունակվում է Լիոնել Մեսիի անգոլ խաղերի «շքերթը», սակայն սրանից ողբերգություն սարքել պետք չէ. վնասվածքից հետո վերականգնվելու խնդիր կա: Մի փոքր էլ համբերեք ու կտեսնեք, թե ո՛ւմ մերն է տղա բերել:
Բունդեսլիգայի առաջնությունում հերթական հաղթանակը տոնեց Դորտմունդի «Բորուսիան»` 6:1 ջախջախիչ հաշվով առավելության հասնելով «Շտուտգարտի» նկատմամբ: Ակումբից, ըստ խոսակցությունների, արդեն այս ձմռանը հեռանալուց առաջ Ռոբերտ Լևանդովսկին աշխատում է վառ հուշեր թողնել: Համենայն դեպս, նրա հեթ տրիկը տպավորիչ էր նույնքան, որքան տպավորիչ էր Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը:
«Հոֆենհայմի» հետ արտագնա խաղում «Բավարիան» վերջին երեք հանդիպումներում տարավ երրորդ անընդմեջ կամային հաղթանակն ու շարունակում է մեկ միավորի տարբերությամբ գերազանցել դորտմունդցիներին: Ինչ վերաբերում է «Բայերին», թեպետ հյուրընկալվելիս չկարողացավ խուսափել առաջնության հետնապահ Բրաունշվեյգի «Այնտրախտի» հետ պարտությունից, այդուհանդերձ շարունակում է մնալ երրորդ հորիզոնականում` վեց միավորով գերազանցելով Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն նաև Էդինսոն Կավանիի դուբլի հաշվին «Լորիանի» դարպասը գրավեց չորս անգամ ու գլխավորեց առաջնությունը: Փաստի նկատմամբ միանշանակ բացասական պիտի լիներ «Մոնակոյի» արձագանքը, որը, չնայած բարձրագույն դիվիզիոնի նորեկ լինելուն, չեմպիոնական ամբիցիաներ է դրսևորում: Սակայն «Լիլի» հետ արտագնա խաղում տանուլ տալով (0:1), ակումբը ոչ միայն երեք միավորի կորուստ ունեցավ, այլև երկրորդ տեղը զիջեց նույն «Լիլին»:
Անգլիայի պրեմիեր լիգայում ուժերի դասավորությունն այնպիսին է, որ ցանկացած տուր կարող է փոփոխություններ մտցնել առաջատար եռյակում: Տասներորդն այստեղ, ճիշտ է, որոշակի բացառություն եղավ, սակայն թիմերի դասավորությունն ավելի խտացավ: Միակ շահողն այստեղ վերջին հանդիպումներում անկայուն խաղերով տհաճորեն առանձնացող «Արսենալն» էր: «Լիվերպուլի» նկատմամբ Արսեն Վենգերի թիմի 2:0 հաշվով հաղթանակն ակումբի միավորների պաշարը հասցրեց քսանհինգի: «Լիվերպուլի» պես ունեցած քսան միավորով մնաց նաև «Չելսին»` արտագնա խաղում պարտություն կրելով «Նյուքասլից»` 0:2: Եռյակ ներխուժելու հրաշալի հնարավորությունը ձեռքից բաց թողեց միանգամից երեք թիմ` «Սաուտհեմպտոնը», «Էվերտոնն» ու «Տոտենհեմը». առաջինն արտագնա խաղում ոչ-ոքի ¥1:1¤ խաղաց «Սթոք Սիթիի» հետ, ինչ վերաբերում է մյուս երկուսին, ապա միմյանց հետ մրցավեճում չկարողացան որոշել հաղթողին` բավարարվելով գոլազուրկ ոչ-ոքիով: Առավելագույնը, ինչ հաջողվեց «Տոտենհեմին», «Չելսիին» ու «Լիվերպուլին» հավասար քսան միավոր ունենալն է, երկրորդից չորրորդ տեղերը կիսելը:
Իտալիայի առաջնությունում առաջին միավորները կորցրեց «Ռոման»` տասն անընդմեջ հաղթանակից հետո ոչ-ոքի` 1:1 խաղալով «Թուրինի» հետ: Շատ ավելի հաջողակ եղան նրան հետապնդողները` «Նապոլին» ու «Յուվենտուսը», 2:1 և 1:0 հաշվով հաղթելով «Կատանիային» ու «Պարմային»: Տեսնենք այս հաղթանակը ոգու ամրության ինչ բազա կստեղծի Իտալիայի գործող չեմպիոնի` «Յուվենտուսի» համար, որը Չեմպիոնների լիգայում սարսափելի կարևորությամբ հանդիպում ունի Մադրիդի «Ռեալի» հետ ու չափազանց անշահավետ դիրք խմբայինում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ